82-ամյա թոշակառուն 230 զույգ բրդյա գուլպա է գործել և ուղարկել դիրքապահ զինծառայողներին(տեսանյութ) » Armennews

82-ամյա թոշակառուն 230 զույգ բրդյա գուլպա է գործել և ուղարկել դիրքապահ զինծառայողներին(տեսանյութ)

 

Երեւանում բնակվող թոշակառու Ժանետա Անանիկյանը արդեն 4 տարի է՝ բրդյա գուլպաներ է գործում և ուղարկում սահմանը պահող զինծառայողներին։

NEWS.am-ի հետ զրույցում 82-ամյա կինը պատմեց, որ  4 տարիների ընթացքում մոտ 230 զույգ բրդյա գուլպա է ուղարկել սահմանը պահող զինծառայողներին. ամբողջ տարին գործում է, ձմռանը` ուղարկում բանակ:

«Հերթական անգամ, որ գուլպաները պատրաստ էին, մեր թաղապետարանում ասացին` զբաղված ենք, ձյուն է գալիս, ես էլ մտածեցի, որ էս ձյանը գուլպաները չհասնեն, էլ ե՞րբ պետք է հասնեն: Նախարարության տեղն էլ չգիտեմ, մարշուտկա նստեցի, գնացի: Ձյուն, փոթորիկ… Վերջը հասա, մի զինվորական գտա, հարցուփորձ եմ անում, ինքն էլ ինձ է հարցուփորձ անում, թե էս պառավն ինչ է անում, երկու տոպրակ էլ՝ ձեռքին:  Ես ասացի` տղա ջան, զինվորներին եմ տանում, վերջը տեղը ցույց տվեց, գնացի հասա` ասում են, չէ տատի, տենց բան չկա, հետ տար: Բայց ամբողջ տարին աշխատել եմ, ոնց չուղարկեմ, իրենք ասում են` տատի գնա, ես ասում եմ` չեմ գնա: Երեւի 2 ժամ նստեցի, վերջը գուլպաները տվեցի, եկա: Հաջորդ տարի խելքի եկա, նամակ գրեցի, իրենք եկան տարան, մի բան էլ Արցախից շնորհակալություն գրեցին, էս տարի էլ եկան տարան, էս անգամ էլ արդեն նախարարի շնորհակալական նամակը բերեցին»,- պատմեց տիկին Ժանետան` հավելելով, որ ինչքան որ առողջությունը թույլ տա, կգործի:

Տիկին ժանետային թելը նվիրում են, ասում է` թանկ է, չի կարողանում գնել: Թոշակով եւ նպաստով ապրող միայնակ կնոջը թաղապետարանից են թել տալիս, կամ բրդյա իրեր, որոնք քանդում է, եռացնում, մշակում եւ դրանցից բրդյա գուլպաներ գործում:

«Մոտիկ մարդկանց սվիտերները, որ տեսնում եմ՝ արդեն մի քանի անգամ հագել են, ասում եմ` հերիք է, նորը գնեք, հինը տվեք ինձ: Քանդում եմ, եռացնում թելը եւ քիչ-քիչ գուլպաներ գործում»,- ասաց նա:

Տիկին Ժանետան նեղվում է ավելորդ ուշադրությունից, ասում է՝ ինքն իր գործն է անում, ընդամենը գուլպա է գործում. «Ազգային հերոս  են դարձրել, այնքան խոսեցին, արդեն ինձ վատ եմ զգում: Միայն կասեմ՝ թող զինվորները բարով մաշեն, ես այնքան սրտանց եմ գործել, որ այդ գուլպաները իրենց եւ կտաքացնի, եւ կուրախացնի: Իրենք մի մատ երեխա էնտեղ կանգնած են, ես էլ տաք-տաք էստեղ քնում եմ, ապրեն իրենք»:

скачать dle 11.0фильмы бесплатно

Նմանատիպ նյութեր