Քույրս պետք է ապրի, այլ տարբերակ չկա. Հրազդանցի 9-ամյա Վարդուհու մոտ հայտնաբերվել է արյան չարորակ հիվանդություն (լուսանկարներ) » Armennews

Քույրս պետք է ապրի, այլ տարբերակ չկա. Հրազդանցի 9-ամյա Վարդուհու մոտ հայտնաբերվել է արյան չարորակ հիվանդություն (լուսանկարներ)

 

Հրազդանի Ջրառատ թաղամասի բնակչուհի 9-ամյա Վարդուհի Մարտիրոսյանի մոտ 4 ամիս տեւած հետազոտությունից հետո հայտնաբերվել է արյան չարորակ հիվանդություն՝ ամենաբարդ վիճակը. Վարդուհուն անհրաժեշտ է ոսկրածուծի փոխպատվաստում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Վարդուհու ավագ քույրը՝ Նարինե Մարտիրոսյանը:

«Սեպտեմբերին քույրս  հերպես վիրուս տարավ, որին զուգահեռ նրա մոտ թուլություն, սրտխառնոց, ախորժակի անկում նկատվեց: Ծնողներս Վարդուհուն տարան նախ Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղից նրան ուղարկեցին Արաբկիրի հիվանդանոց: Այնտեղ էլ ասացին, որ  երեւի ինֆեկցիա է եւ ուղարկեցին Նորք Մարաշի հիվանդանոց, որտեղ քրոջս հետազոտելուց հետո ասացին, որ ոչ մի ինֆեկցիա չկա եւ խնդիրն արյան հետ է կապված: 4 ամիս ոեսկրածուծից անալիզներ էին վերցնում եւ հետազոտության համար ուղարկում ուռուցքաբանական ինստիտուտ: Առաջին անգամ պատասխանները մաքուր ցույց տվեցին, երկրորդ անգամ էլ, երրորդ անգամ արդեն ցույց տվեց արյան լեյկոզ՝ ամենաբարդ վիճակը»,-պատմեց Նարինեն՝ ավելացնելով, որ այդ ընթացքում Վարդուհին նաեւ երկկողմանի թոքաբորբով է հիվանդացել:

«Այս ընթացքում թոքաբորբը բուժեցին, որ դրանից հետո անցնեին քիմիայի կուրսերի: Բժիշկներն ասում են, որ նախ պետք է քիմիայի կուրսն անցնի: Ընթացքը ցույց կտա, թե ինչքան է պետք, բջիջներն ինչ չափով են նահանջել, որից հետո միայն պիտի տեղափոխենք արտերկիր՝ ոսկրածուծի փոխպատվաստում անելու համար: Ես եւ եղբայրս արդեն անալիզներ ենք հանձնել: Արդյունքներից է կախված, թե ով կլինի դոնորը: Եթե չստացվի, այլ դոնոր պիտի գտնենք: Դե բժիշկները հույս տալիս են: Ու ես էլ եմ ասում, որ ամեն ինչ պիտի լավ լինի քույրիկիս հետ: Նա պետք է առողջանա, այլ տարբերակ չկա: Ինքն ամեն ինչ հասկանում է: Վարդուհին պայքարող, ուժեղ տեսակ է: Ասում է, որ ուզում է շուտ լավանա ու տուն գա: Վարդուհին ինձ հետ է շատ կապված, մենք ամեն ինչ իրար հետ ենք անում»,-ասաց Նարինեն:

Վարդուհու քրոջ խոսքով, հիվանդությունը 4 ամսվա ընթացքում է զարգացել, բայց թե ինչը կարող էր պատճառ դառնալ, չգիտեն: Հիվանդանոց տեղափոխելիս երեխայի ոտքերն արդեն այտուցված են եղել,անոթները՝ փակ, չէր կարողացել քայլել: Հակաբիոտիկներ ընդունելուց հետո արդեն քայլում է:

Վարդուհին նկարում է ու երազում նկարչուհի դառնալ: Բացի քրոջից, նաեւ մեծ եղբայր ունի: Ծնողներն այս պահին չեն աշխատում, որովհետեւ երեխայի խնամքով են զբաղված:

Վարդուհին այս պահին գտնվում է Արյունաբանական կենտրոնում: Արդեն ստացել է քիմիայի մեկ կուրս: Նարինեի հավաստմամբ  քիմիայի կուրսերը երեխան ստանում է «Sity of smile» հիմնադրամի ֆինանսավորմամբ, սակայն արտերկրում ոսկրածուծի փոխպատվաստում ստանալու համար ընտանիքին անհրաժեշտ է 200 000 եվրոյից ավելի գումար: Գումարը մեծ է, բայց ընտանիքը պատրաստ է պայքարել ու փրկել Վարդուհու կյանքը:

Վարդուհու ընտանիքին աջակցելու համար Հանրային հեռուստաընկերության «Եթե բոլորը»  հաղորդման շրջանակներում բացվել են հաշվեհամարներ.

Փոխանցումներ կարող եք կատարել Yandex եւ Idram էլեկտրոնային դրամապանակների միջոցով Yandex ID: 4100 1444 7942 606. Idram AD:101 201 301: Գումար կարող եք փոխանցել նաեւ նշված հաշվեհամարներին.

2474502288920000 AMD

2474502288920010 USD

2474502288920020 EUR

ինչպես նաեւ՝

Կոնվերս Բանկի Հրազդանի մասնաճյուղում բացված հաշվեհամարին՝

930043660120800

Հաշվետեր՝ Գոռ Հարությունյան

Ընտանիքին օգնելու համար կարող եք զանգահարել նաեւ Վարդուհու մայրիկին՝ Վարսիկ Հոխոյանին՝ 077 494 300 հեռախոսահամարով:


скачать dle 11.0фильмы бесплатно

Նմանատիպ նյութեր