Եթե անգամ հայերը ներեն, Աստված չի ներելու. թուրք լրագրող » Armennews

Եթե անգամ հայերը ներեն, Աստված չի ներելու. թուրք լրագրող

 

Ապրիլի 2-ը պաշտոնական պատմության մեջ ամրագրված է որպես Վանի ազատագրման տարեթիվ: Այնինչ, իրեն մարդ համարողի խղճի տեսակետից այն կարդացվում է որպես հայերի նկատմամբ բռնությունների, կոտորածների, գաղթի տարեթիվ»,- Ermenihaber.am-ի տեղեկացմամբ՝ գրում է թուրքական Radikal պարբերականի թղթակից Ռըդվան Շահինը կայքի բլոգում:

 

«Եթե նույնիսկ հայերը ներեն, Աստված չի ներելու» վերնագրով իր հոդվածում, հեղինակն անդրադառնում է Թուրքիայում «Վանի ազատագրման 97-ամյակը» տոնելու նախաձեռնությանը:

 

«Սրանից 97 տարի առաջ հենց այն տարիներն էին, երբ 7 հայ սպանողին դրախտ էին խոստանում: 1918թ. Վանի հայերն աքսորվեցին, իսկ մնացածներին շարքով գազանաբար գնդակահարեցին՝ քննարկելով, թե մի գնդակով միանգամից մի քանի հոգու կարելի է սպանել: Նրանց անհավանական կտտանքների ենթարկեցին»,- գրում է թուրք լրագրողը:

 

Ռըդվան Շահինը մեջբերում է տողեր թուրքական մի բանաստեղծությունից, որում ասվում է. «Վանեցի եմ, անվանի եմ, սուրս արյունոտ է»: «Վանեցի եմ, շատ հայերի եմ սպանել, սուրս արյունոտ է, այդ պատճառով էլ անվանի եմ»,- մեկնաբանում է լրագրողը:

 

Radikal-ի սյունակագիրն անդրադառնում է նաև Թուրքիայում Վանի մասին հնարված առասպելներին, որոնց նպատակը Վանի հայկական ծագման փաստի մոռացումն ու նոր պատմության ստեղծումն է: Այդ առասպելներից մեկն էլ Վանի Աղթամար կղզու անվան ծագման մասին է: Ըստ թուրքական վարկածի՝ կղզին անվանակոչվել է վրաց Թամար թագուհու պատվին, իսկ այնտեղ գտնվող եկեղեցին նրա պատվին է կառուցվել:

 

«Հայերից մնացած հետքերը վերացնելու, ձուլումն ավելի խորացնելու նպատակով պատմություններ են հորինվել: Մենք էլ խաբվել ենք այդ պատմություններին, տարիներ շարունակ տարածել դրանք»,– գրում է Շահինը:

 

Չբացառելով Թուրքիայի կողմից ամեն առիթով մեջբերվող այն պաշտոնական վարկածը, թե հայերը դավաճանել էին ու միավորվել թշնամու հետ, այդ պատճառով էլ տեղահանվել են` լրագրողը այն համոզմունքն է հայտնում, որ նման դեպքում պետությունը պետք է պատժեր կոնկրետ դավաճաններին, ոչ թե սրի մատներ անմեղ երեխաներին, կանանց, ծերերին:

 

Հոդվածագիրն իր խոսքն ավարտում է հետևյալ տողերով. «Այսօր մեր պարտքն է ուսումնասիրել իրականությունը, ականջ դնելով մեր խղճի ձայնին՝ բարձրաձայնել ճշմարտությունը, փաստերը: Ներեցեք մեզ… Մեր պապերը չկարողացան պաշտպանել ձեր պապերին: Ներողություն ենք խնդրում»:


скачать dle 11.0фильмы бесплатно

Նմանատիպ նյութեր